Թուրքիան ակտիվ դեր է խաղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում. Լուկաշենկո
WorldԹուրքիան ակտիվ դեր է խաղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում, որն անձամբ իր և բելառուս ժողովրդի անունից հղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին ազգային տոնի՝ հոկտեմբերի 29-ին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Թուրքիան՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մինչև 2023 թվականի հարյուրամյակը նոր մեծ ձեռքբերումներ կունենա բոլոր ծրագրված ոլորտներում։
Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը մեծ նշանակություն է տալիս Անկարայի հետ հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխվստահության ավանդույթների վրա։
«Թուրքիայի, ինչպես նաև Բելառուսի համար ինքնիշխանությունն ու անկախությունը պետական կառույցի անխախտ առաջնահերթություններն են։ Ժամանակակից իրողություններում կարևոր է միավորել ջանքերը՝ ժամանակի աննախադեպ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը տարեցտարի կամրապնդվի և կաճի նոր ձեռքբերումներով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, այդ թվում՝ 2019 թվականի ապրիլին Անկարայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման միջոցով։
Լուկաշենկոն նախագահ Էրդողանին մաղթել է քաջառողջություն և շարունակական հաջողություններ աշխատանքում, իսկ Թուրքիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։