Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ՝ ում հետ ենք հուշագիր կազմել, մի բան էլ շնորհակալություն են հայտնում. Բալասանյանի դաշնակից
ПолитическиеԹեև նոյեմբերի 1-ին, նորընտիր ավագանին ընտրեց Գյումրիի նոր քաղաքապետին, այնուամենայնիվ, կրքերը չեն հանդարտվում: Լարվածության պատճառը չնախատեսված, կամ գուցե նախատեսված, բայց երկու կողմերի միջև չբարձրաձայնած հուշագրի ստորագրումն էր: Այս հուշագրի մասով կարծիքները տարբեր են, որոշները կողմ են դրան, որոշները՝ դեմ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ եթե գյումրեցին իմանար նախատեսված հուշագրի մասին, ապա «Բալասանյան դաշինքը» ընտրություններում լիակատար առաջատարը չէր լինի:
«Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ ընտրված Մխիթար Սահակյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ը խոսեց ավագանու նիստից ընդամենը 2 օր առաջ ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրելու վերաբերյալ, սակայն նրա պատասխանից պարզ դարձավ՝ իր համար միևնույն է, թե ում հետ կհամագործակցեն. «Ես ավագանի եմ անցել աշխատելու համար, թե ով ում հետ կհամագործակցի, ինձ հետաքրքիր չէ»,- նշեց նա:
Մեր այն դիտարկմանը՝ երբ գյումրեցիները իմանային, որ սպասվում է համագործակցություն ՔՊ-ի հետ, արդյոք «Բալասանյան» դաշինքը նույնքան ձայն կհավաքեր, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ «Բալասանյան դաշինքին» ձայն տված քաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում՝ իրենք ում հետ հուշագիր կստորագրեն. «Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ, թե մենք ում հետ ենք հուշագիր կազմելու: Իրենք ինձ ընտրել են աշխատելու և քաղաքի հոգսերը ինչքան որ հնարավոր է հոգալու համար: Իմ ընտրողները այդ հուշագրի ստորագրման մասին, անգամ, չեն էլ խոսում: Մի բան էլ շնորհակալություն են հայտնել ինձ. թե ով է մեզ հետ համագործակցելու, ինձ էլ հետաքրքիր չէ»,-ասաց Մխիթար Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իրենց հետ հուշագիր ստորագրածը չաշխատեց, ապա իր համար այդ անձը կամ կուսակցությունը ոչինչ կհամարվի:
Հասարակության շրջանում նոր խոսակցությունների առիթ էր դարձել նաև «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ անցած Վահան Հունանյանի՝ քաղաքապետի քվեարկությանը չմասնակցելու փաստը. որոշները կարծում են՝ պատճառը ստորագրված հուշագիրն է:
Մխիթար Սահակյանը նշեց՝ պատճառը առողջական խնդիրն է եղել. «Վահան Հունանյանը, այդ օրը ներկա չի եղել նիստին, քանի որ թեստի պատասխանը դրական էր եկել, նա կորոնավիրուսով է վարակվել»,- ասաց Մխիթար Սահակյանը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին անցկացված ՏՒՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանիում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Բալասանյան» դաշինք, ՔՊ, «Զարթոնք» կուսակցությունը, «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն։ Առաջատարը «Բալասանյան» դաշինքն էր, որը ավագանու նիստից երկու օր առաջ համագործակցության հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Զվարթ Պետրոսյան