Հայաստանը ԴԱՀԿ ծառայության կարողությունների զարգացման շուրջ կհամագործակցի Համաշխարհային բանկի հետ
ПолитическиеԱրդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։
ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։