Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումներ են նկատվել (լուսանկարներ)
PhotosԵրկուշաբթի օրը արված նոր կոմերցիոն արբանյակային լուսանկարները հաստատում են վերջին հաղորդագրությունները, որ Ռուսաստանը կրկին զորքեր և զինտեխնիկա է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին այս տարվա գարնանը մեծ կուտակումներից հետո, գրում է Politico-ն՝ կցելով ասվածը փաստող արբանյակային լուսանկարներ:
Maxar Technologies-ի կողմից արված և POLITICO-ի հետ կիսված նոր լուսանկարներում ցուցադրվում է զրահատեխնիկայի, տանկերի և ինքնագնաց հրետանու կուտակում, ինչպես նաև ցամաքային զորքեր, որոնք հավաքվում են Ռուսաստանի Ելնյա քաղաքի մոտ՝ Բելառուսի սահմանին: Ստորաբաժանումները, որոնք սկսել են տեղաշարժվել սեպտեմբերի վերջին Ռուսաստանի այլ շրջաններից, որտեղ նրանք սովորաբար տեղակայված են, ներառում են էլիտար 1-ին գվարդիական տանկային բանակը: Արբանյակային պատկերները ցույց են տալիս զրահապատ ստորաբաժանումներ և օժանդակ սարքավորումներ Ռուսաստանի Ելնյա քաղաքում, գրում է պարբերականը: Միևնույն ժամանակ, Jane’s-ի երկուշաբթի օրը կատարած նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի 4-րդ տանկային դիվիզիայի սարքավորումները տեղափոխվել են Բրյանսկի և Կուրսկի շրջակայքում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանին մոտ գտնվող տարածքներ: Ստորաբաժանումները համալրված են T-80U հիմնական մարտական տանկերով և ինքնագնաց հրետանիով, գրում է Politico-ն։