Իռլանդացիները ստիպված կլինեն սպանել մեկ միլիոն կովի՝ մոլորակը փրկելու համար
ԱշխարհԻռլանդիան, որը մեծապես կախված է իր գյուղատնտեսական արդյունաբերությունից, ստիպված կլինի դիմել կտրուկ միջոցների՝ մոլորակը վտանգավոր գազից փրկելու համար։ Երկրում մեթանի արտանետումները նվազեցնելու պարտավորությունները կատարելու համար 1,3 միլիոն գլուխ խոշոր եղջերավոր անասուն կմորթվի, գրում է The Guardian-ը։
Կլիմայի վրա ազդեցությունը նվազեցնելու համար կովերին սպանելու անհրաժեշտության մասին ասել են աուդիտորական ընկերության վերլուծաբանները` Irish Farmers Journal-ի պատվերով կատարած ուսումնասիրության մեջ: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում Իռլանդիայի արտանետումների 35 տոկոսը, վերլուծաբանների գնահատմամբ՝ դա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով եվրոպական միջինում 11 տոկոսը: Միևնույն ժամանակ, ոլորտի արտանետումների կեսից ավելին (60 տոկոսը) մեթանն է՝ վտանգավոր ջերմոցային գազ, որն արտանետվում է գոմաղբից և որոճողների ձկռտոցի ժամանակ:
Իռլանդիան միացել է մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնելու համաշխարհային պարտավորությանը: Երկրի կառավարությունը նաև խոստացել է մինչև 2030 թվականը նվազեցնել ածխածնի երկօքսիդի աղտոտվածության մակարդակը 50 տոկոսով և նոյեմբերի 4-ին կներկայացնի արդյունաբերության բոլոր ճյուղերը ածխաթթվացնելու ռազմավարությունը:
KPMG-ի վերլուծաբանները դիտարկել են մի քանի հնարավոր սցենարներ և կանխատեսել են, որ Իռլանդիայի տնտեսությունը կկորցնի 4 միլիարդ եվրո և 56 հազար աշխատատեղ, եթե իշխանությունները ընտրեն գյուղատնտեսության ոլորտում արտանետումները 30 տոկոսով կրճատելու նպատակը։ Դրան հասնելու համար պետք է ձերբազատվել խոշոր եղջերավոր անասունների 20 տոկոսից՝ մորթել 6,5 միլիոն կովերից 1,3 միլիոնին։ Եթե արտանետումների կրճատման թիրախը 21 տոկոս է, ապա նախիրի 5 տոկոսը կամ 325 հազար կենդանի պետք է սպանվի։