Ինչու են Ճապոնիային անհրաժեշտ թափանցիկ զուգարաններ (տեսանյութ)
Անցյալ տարի Տոկիոյի Սիբույա թաղամասում տեղադրվեցին թափանցիկ զուգարաններ։ Թե ինչ խնդիր է լուծել քաղաքապետարանը նման արտասովոր ձեւով, պատմում է Travel.rambler.ru-ն։
Անցյալ օգոստոսին Տոկիոյի զբոսայգիներում բացվել են թափանցիկ պատերով զուգարաններ, հատուկ 2020 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ: Դրանք դարձել են ոչ առևտրային Nippon Foundation կազմակերպության Tokyo Toilet Project նախագծի մի մասը:
Արտասովոր կառույցի գաղափարը պատկանում է 2014 թվականի Pritzker Prize մրցանակի (ականավոր ճարտարապետներին տրվող միջազգային մրցանակ) դափնեկիր Սիգեր Բանին։
Նման արտասովոր դիզայն է ընտրվել, որպեսզի պայքարեն տեղացիների և զբոսաշրջիկների` զուգարանների մաքրության և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների դեմ:
Nippon Foundation կազմակերպության սոցիալական ծրագրերի համակարգող Միխոկո Ուեկին մեկնաբանել է. «Ճապոնիայում հանրային զուգարանների օգտագործումը սահմանափակված է կարծրատիպերի պատճառով, իբր դրանք մութ են, կեղտոտ, գարշահոտ և սարսափելի»:
Ուեկիի խոսքով՝ հիմնադրամը որոշել է վերանայել հանրային զուգարանի կերպարը և դիմադրել նման կարծրատիպերին։
«Զուգարաններն ունեն թափանցիկ պատեր, որպեսզի փողոցից ցանկացած մարդ կարողանա անձամբ ստուգել ներսի մաքրությունն ու անվտանգությունը։ Գաղտնիության մասին անհանգստանալու կարիք չկա. ապակին դառնում է անթափանց և փայլատ, երբ խցիկը ներսից կողպված է լինում»,- նշել է նա:
«Երբ դուռը բաց է, էլեկտրական հոսանք է հոսում ապակե վահանակների բյուրեղների միջով՝ ստեղծելով թափանցիկ էֆեկտ։ Եթե խցիկը ճիշտ փակեք, էլեկտրականությունը դադարում է հոսել, և ապակին դառնում է անթափանց»,- հավելել է Ուեկին։
Նոր զուգարաններում կան տղամարդկանց ու կանանց, ընդհանուր և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված խցիկներ։
Tokyo Toilet Project-ի շրջանակներում եւս 15 առաջատար ճարտարապետներ նախագծել են զուգարաններ Ճապոնիայի մայրաքաղաքի համար: Մասնագետները կենտրոնացել են բնական նյութերի վրա՝ փայտ, մարմար, ապակի և գործվածք։