Որո՞նք են 2-րդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները. ռուս լրագրողի հարցը՝ Արմեն Սարգսյանին
ՀասարակությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին: Հարցին՝ որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները, արդյո՞ք հնարավոր է երրորդը, նախագահը պատասխանել է.
«Երրորդի հնարավորությունը եկեք թողնենք Աստծուն: Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը:
Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ: Քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա»: