Արդեն իրականացրե՞լ եք դելիմիտացիա և դեմարկացիա, որ որոշել եք՝ «Գորիս-Կապանը» ՀՀ տարածքում չէ․ Թովմասյան
Политические«Ինչպե՞ս եք որոշել, որ «Գորիս-Կապանը» ՀՀ տարածքում չէ, արդյոք արդեն իրականացրել եք դելիմիտացիա և դեմարկացիա. դրա հիման վրա դուք միայն կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ»․ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրատապ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ընթերցելով Փաշինյանին ուղղված հարցերը։
«Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել են մաքսային կետեր, ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին այլևս պետք է անցյալով խոսենք, և չենք կարողանալու օգտվել այդ տարածքից: Սա վարչապետն ասում է սառը դատողությունների հորդորով և սառը գլխով որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ, ինչն անընդունելի է»,-ասաց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հստակ պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝
- Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։
- Արդյո՞ք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա։ Միայն դրա հիման վրա դուք կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ։
- Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է․ ո՞ր քարտեզի հիման վրա։
- Երբ պետական սահմանի փոփոխություն է իրականացվում, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ։ Մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց է։
- Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ ակնկալում են այս հարցերի պարզաբանումներն ստանալ կառավարությունից, բայց մինչ այս պահը արձագանք չկա.
«Հույս ունենք, որ Կառավարության ներկայացուցիչը, որին կլիազորի վարչապետը, կներկայանա խորհրդարան: Իսկ եթե չներկայանա, մենք մեր ասելիքը հրապարակավ պետք է փոխանցենք՝ ակնկալելով, որ առաջիկայում ինչ-որ ֆորմատ կձևավորվի և հնարավորություն կունենանք մինչև լիագումար նիստերի սկսվելը պարզաբանումներ ստանալ»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև գործադիրի ներկայացուցիչները, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, սակայն նրանցից որևէ մեկը ներկա չէ քննարկմանը.