Հակառակորդն ինչ ուզում է մենք պիտի տա՞նք, ես չեմ հասկանում․ Սյունիքի մարզպետ
ПолитическиеԻնչպես հայտնի է նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, քանի որ Ադրբեջանն այդտեղ իրականացնում է սահմանային և մաքսային հսկողության գործառույթ՝ տեղադրում է մաքսակետեր։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդկանց մոտ գերիշխող տրամադրություններին ու անվտանգության երաշխիքներին՝ կցկտուր պատասխաններ տվեց։
«Այս պահին տարբեր հատվածներում տարբեր ճանապարհներ են սարքվում։ Այժմ Տաթևից Լծենի գյուղի ճանապարհին ենք, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Սուրեն Պապիկյանի հետ հետևում ենք աշխատանքներին»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ստացվում է, որ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը շրջափակման մեջ են հայտնվում, որովհետև երկու կողմից սահմանակից են դառնում թշնամուն և նրա մաքսակետերին, Պողոսյանը հակադարձեց․ «Այս պահի դրությամբ ոչ մի գյուղ խնդիր չունի, ճանապարհներն էլ խորքից կառուցվում են։ Հակառակորդն ինչ ուզում է մենք պիտի տա՞նք, ես չեմ հասկանում, մեր ճանապարհը պետք է ունենանք չէ՞։ Հիմա դա ենք անում էլի։ Իրենք ճանապարհ են ուզում, որ գան Կապանով մտնեն գնան Նախիջևան, բայց մենք դրան համաձա՞յն ենք՝ չէ։ Դրա համար ճանապարհներ ենք կառուցում, որ մեր ճանապարհներն աշխատեն գյուղերի հետ»,- ասաց Սյունիքի մարզպետը։
Խոսելով ճանապարհների շահագործման, անվտանգության երաշխիքների և գերեվարության հնարավոր նոր դեպքեր ունենալու մտավախության մասին, մարզպետը փորձեց վստահեցնել, թե որևէ խնդիր չկա․ «Կապան-Գորիս ճանապարհն աշխատում է և այդտեղ անվտանգության խնդիր չունենք»,- նշեց Պողոսյանը։
Մարզպետը չպատասխանեց նաև մեր այն հարցին, թե որքանո՞վ է ռեալ և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ մեր հայրենակիցները ադրբեջանական մաքսակետերում որոշակի վճարում կատարելով կկարողանան անցնել այդ ճանապարհով։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմը տեղեկացրել է՝ Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելու մասին․ «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր», - ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ «այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք»: Նա նաև նշել էր, որ այդ ճանապարհով անցնելիս ՀՀ քաղաքացիները կարող են վճարում կատարել ադրբեջանական մաքսակետերին և անցնել։
Սոնա Հարությունյան