Հացի խնդիր կա այս պահին, Ներքին հանդ գյուղը առանց Կապան չի կարող ապրել. համայնքի ղեկավար
ОбществоԱյս պահին գյուղացիների շարժը լրիվ արգելափակված է, քանի որ ադրբեջանցիները մաքսային կետ են տեղադրել Ճակատեն-Կապան ճանապարհին: ՏԻՄ ընտրությունների համար նրանք բացել էին ճանապարհը, դրա ավարտից հետո՝ անմիջապես նորից փակել այն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Ներքին Հանդը անմիջապես հարակից է սահմանին, Ճակատենից հետո իրենցը վերջին գյուղն է:
Խոսելով այլընտրանքային ճանապարհից՝ նա ասաց, որ այդպիսի ճանապարհ ունեին 90-ական թվականներին, որը որ երկար տարիներ է, ինչ չի շահագործվում, իսկ երկրորոդը՝ Մեղրիով ճանապարհն է, որն էլ հարմար չէ գյուղացիների համար. «Այլընտրանքային ճանապարհ ունեինք 90-ական թվականներին՝ Ճակատեն-Գեղանուշ, որով գնում էինք Կապան, բայց հետո այդ ճանապարհը չի շահագործվել այդ պատճառով այս պահին անանցանելի է: Հիմա, հավանաբար, շրջանցիկ ճանապարհը Ներքին Հանդ-Մեղրի-Քաջարան-Կապանն է, սակայն, այսպես ճանապարհը 150-160 կմ-ով երկարում է»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով գյուղացիների շարժի արգելափակմանը՝ նա ասաց, որ մաքսային կետերի տեղադրումը մեծ խոչընդոտների առաջ է կանգնեցնում գյուղացիներին. «Այնպես չէ, որ բնակիչների մոտ անհանգստություն չկա՝ կա: Այսօր ունենք սննդի հարց, վաղը կունենանք հիվանդի տեղափոխման խնդիր, մեր բոլոր հարցերը կապված են Կապանի հետ, այնպես չէ, որ Ներքին Հանդ գյուղը ինքնուրույն կարող է ապրել: Այս պահին էլ հացի խնդիր կա, տեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հացի խնդիրը հավանաբար երեկոյան կլուծվի:
Մեր այն հարցին, թե արդյոք մարզպետարանից կամ իշխանական ներկայացուցիչներից որևէ մեկը կապ հաստատել է իր հետ, Խաչատուր Բաղդասարյանը պատասխանեց՝ քիչ առաջ իրեն է զանգահարել վարչապետի աշխատակազմի ծրագրերի բաժնի վարիչը և ասել՝ մոտավորապես 1 ժամից կմոտենան՝ տեսնելու՝ ինչով կարող են օգնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
Զվարթ Պետրոսյան