Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 26-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնութնյան բժիշկների թիվ 41 բրիգադը՝ բժիշկներ Հայկ Բադալյանի և Գևորգ Նիկոլյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը եղավ, շտապօգնությունը կարճ ժամանակում, կարելի է ասել, 1-2 րոպեից դեպքի վայրում էր։ Բժիշկներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն՝ զուր։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ»։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն էր։