Հայաստանը հետաքրքրված է վրացական մոդելով «Արդարադատության տներ» ստեղծելու հարցում
SocietyԱրդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր, այս մասին հայտնում են ԱՆ-ից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դրանք վերաբերել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացմանն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը։
Նախարար Անդրեասյանը նաև Արդարադատության նախարարության շահագրգռվածությունն է հայտնել արդեն ավանդական դարձած հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման շարունակականության առումով։
Հանդիպման ավարտին կողմերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։