Տպավորություն է, որ սեպտեմբերի 27-ի սցենարն է բեմադրվում. Ագնեսա Խամոյան
ВидеоՊատկերը շատ նման է 44-օրյա պատերազմի պատկերին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին։
«Մենք երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էինք հասնել այն բանին, որ հրավիրվի արտահերթ նիստ՝ սահմանին տիրող իրավիճակի համար։ Բայց մեզ մեղադրեցին թերի թղթեր ներկայացնելու մեջ։ Երբ մարտեր էին ընթանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Ազգային ժողովում զավեշտալի պատկեր էր՝ քննարկվում էր սնդիկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Հենց առավոտյան նաեւ դա հիմնավորելով մենք բոյկոտեցինք այս քառօրյան։ Միայն բոյկոտելով, իհարկե, հարցը չի լուծվելու, եւ մենք չենք ընտրել պայքարելու միայն բոյկոտի գործիքը։ Ինձ մոտ տպավորություն է, որ սեպտեմբերի 27-ի առավոտն ենք ապրում, և տպավորություն է, որ նույն սցենարն է բեմադրվում՝ էլի տարածքներ ենք կորցնելու, էլի զոհեր ու վիրավորներ ենք ունենալու, նոր կապիտուլյացիոն ակտ է ստորագրվելու։ Այն պատկերը, որն ունենք այսօր, ևս մեկ անգամ կասկածի առիթ է տալիս, որ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ի պատկերի գուցե ոչ նույն մաշտաբներով կրկնություն՝ արդարացնելու համար նոր փաստաթղթի ստորագրում։ Չլինի այնպես, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի մի փաստաթուղթ և ասի՝ ես փրկել եմ երևանցիներին, վանաձորցիներին»,- նշեց նա։