Կրասնոդարում հայտնի «օրենքով գող» է մահացել
ԱշխարհՌԴ Կրասնոդարում մահացել է 37-ամյա օրենքով գող Դավիթ Ջանգիձեն, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Դաթո Կրասնոդարսկի։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։
Նա մահացել է նոյեմբերի 15-ին տեղի հիվանդանոցում, որտեղ հսկողության ներքո բուժվում էր COVID-19-ի դեմ:
Հուլիսի 26-ին դատարանը Ջանգիձեին դատապարտել էր ութ տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելը»): Հետաքննության տվյալներով՝ նա անվերապահ իշխանություն է ունեցել հանցավոր միջավայրում և վերահսկել է Կրասնոդարի երկրամասի ողջ տարածքը։ Բացի այդ, հավատարիմ մնալով հանցավոր գաղափարախոսությանը, Դաթոն պահպանել է հանցավոր ավանդույթներն ու սովորույթները։
Դավիթ Ջանգիձեն «թագադրվել» է 2013 թվականի հունիսին Հռոմում՝ մի խումբ «վրացի» օրենքով գողերի հանդիպման ժամանակ։ Նրա հետ միասին կարգավիճակ են ստացել Ռուսաստանի մարզերի ևս հինգ «նայողներ», այդ թվում՝ Բոնդո Ստուրուան (Բոնդո Ղազախստանցի), Գեորգի Տորաձեն (Գոգա Կուտայսկի), Ռաժդեն Շուլայան (Ռաժդեն Պիտերսկի), Իլյա Գագլոևը (Իլո Կալինինգրադսկի) և Արտեմ Սարգսյանը (Արտեմ Սարատովսկի):