Մայր Աթոռի առաջարկն ընդունելը ոչ նպատակահարմար ենք համարել․ Քերոբյանը՝ ոչ աշխատանքային օրերի մասին
Video«Մայր Աթոռը հանրային ձևով հաղորդել է, որ իրենք խնդրում են՝ հունվարի 5-ը և 7-ը ևս համարվեն ոչ աշխատանքային։ Այդ հարցը քննարկվել է թե՛ թիմի ներսում, թե՛ կուսակցության հետ և համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա բարեփոխումն իր իմաստը կկորցնի»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ ոչ նպատակահարմար են համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը։
Նախարարը նշեց, որ տոնական օրերը կրճատելու օրենքում ներկայացրել են հիմնավորումները, թե ինչպես կփոխվի տնտեսության կառուցվածքը և աշխատանքը հունվար ամսին։
«Ըստ էության դա ամենաքիչն է, որ ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում։ Չեմ կարծում, որ այս որոշման մեջ հակասահմանադրական ինչ-որ բան կա։ Իմանալով նախագահին և նրա տրամադրվածությունն աշխատանքի նկատմամբ՝ բավարար չափով վստահություն ունեմ, որ նախագահն այն հնարավորինս արագ կստորագրի»,-նշեց Վահան Քերոբյանը։