Այս իշխանությունը պետք է հեռանա, որ կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը․ Արծվիկ Մինասյան
ՔաղաքականԻնչպես կանխատեսում էինք, քաղաքական մեծամասնությունը այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, ստացած մանդատի արժեքը և ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայինից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ իշխանությունը երկրի անվտանգության կարևորագույն խնդիրները օրակարգային հարց դարձնելու փոխարեն, փորձում է հերթական կեղծիքներով, ստերով, իրականությանը չհամապատասխանող գնահատականներով հերթական անգամ շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից.
«Երկուշաբթի օրը արտահերթ նիստ էինք հրավիրել հենց այս կարևորագույն օրակարգով և ստացանք քաղաքական մեծամասնության կոպտագույն սահմանադրական խախտմամբ մերժումը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Այս մարդկանց թվում է, թե իրենց մանդատը, որ ստացել են, ոնց ուզեն, կարող են տնօրինել՝ անտեսելով երկրի առջև ծառացած խնդիրները»,- նշեց պատգամավորը:
Վերջինս ընդգծեց, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ իրենց որդեգրած մոտեցմանը. «Երկրի անվտանգության, ինքնիշխանության և արժանապատվության վերականգնման համար այս իշխանություններն ընդամենը խոչընդոտ են և սպառնալիք: Նրանք պետք է հեռանան, որ կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը»: