Պեսկովը դժգոհել է, որ Ռուսաստանին չեն հրավիրել «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է սեփականաշնորհել ժողովրդավարությունը։ Այսպես է նա մեկնաբանել Պետդեպարտամենտի հայտարարած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը»։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը բացասաբար է վերաբերվում առաջիկա իրադարձությանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն երկրները բաժանել է լավի և վատի։
«Նման փորձեր են արվում ժողովրդավարությունը սեփականաշնորհելու համար։ Բայց ակնհայտ է, որ դա չի կարող լինել և չպետք է լինի»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ, չնայած ԱՄՆ քաղաքականությանը, ավելի ու ավելի շատ երկրներ են նախընտրում ինքնուրույն որոշել, թե ինչպես ապրել:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասին, որին հրավիրված են 110 երկրների ներկայացուցիչներ։ Այս ցուցակում ընդգրկված չեն Չինաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Միջոցառումը նվիրված է լինելու ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը։
Նշենք, որ Հայաստանը և Վրաստանը հրավիրված են: