Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
NKՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, Արցախում, Աֆղանստանում և Լիբիայում: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։ Այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նաև մատնանշել է «Կիևի սադրանքները Դոնբասի շփման գծում և ռուսալեզու բնակիչների իրավունքների խախտումները»։