«Դպրոցի տնօրենը չպետք է զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ և նմանատիպ այլ հարցերով». Փաշինյան
Society«Ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից։ Այսինքն տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և հավելեց, որ դպրոցների շենքերի կառավարումով կզբաղվի ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց.
«Այս նախագծով առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին։
Համակարգում ուսուցիչների մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին։ Կհստակեցվի նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը՝ հրաժարվելով միատեսակ վերապատրաստումներից ու ցանում կատարելով մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումներին»,-ասաց նախարարը։
Վարչապետն էլ ընդգծեց, որ շարունակում են հանրակրթության ոլորտում իրականացնել իրենց համար կարևոր բարեփոխումները և այս օրենքի ընդունումով մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում։