«Տաթև-Լծեն ճանապարհը կառուցվում է, որ ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան». Սանոսյան
ՏեսանյութերՀՀ կառավարությունը Սյունիքի մարզպետարանին գումար կհատկացնի՝ մարզի առաջնային խնդիրները լուծելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 400 մլն դրամ՝ մարզի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր ու հրատապ խնդիրները լուծելու համար։
«Դեռևս ապրիլին 500 մլն դրամ էր հատկացվել այս նպատակների համար, հետագայում՝ սեպտեմբերին 200 մլն դրամ և հիմա հերթական խմբաքանակը։ Հատկացվող գումարի չափը 1.1 մլրդ է դառնում։ Տարբեր գերատեսչություններ Սյունիքում չնախատեսված աշխատանքներ կատարել են, բայց երբեմն գերատեսչությունները դժվարություններ են ունենում ընթացակարգերի հետ կապված և այս մեթոդով կարողանում ենք ավելի հրատապ հարցեր լուծել»,-ասաց Գնել Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի անհրաժեշտություն կա, որի համար գնվել է երկու ՈՒԱԶ մեքենա, որոնք արդեն կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում։ Գնել Սանոսյանը մանրամասնեց՝ այս ընթացքում օրինակ Կապան համայնքի Սյունիք բնակավայրի խմելու ջրագիծն է կառուցվել, Տեղ համայնքում մեքենա է ձեռք բերվել, Շուռնուխում անասունների հետ կապված խնդիրներ են եղել և բնակիչները փոխհատուցում են ստացել։