«Բանակը բարոյալքված ա․ 30 հոգով դիրք են հանձնում, չեն պաշտպանում․ սպաները դուրս են գալիս համակարգից». Չալաբյան
Видео«Կոտրված անվտանգային համակարգով չենք կարող դիմադրել թշնամուն, պետք է վերականգնել այդ համակարգը». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ սահմանազատումն իրականացնելով առանց խաղաղության պայմանագրի ժամանակավրեպ է և ՀՀ շահին հակասող։
«Սահմանազատման իրականացումը առանց խաղաղության պայմանագրի բերելու է դե ֆակտո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության անկախության հետագա պայքարից»,-նշեց Չալաբյանը:
Ըստ Չալաբյանի՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության.
«Ադրբեջանը փորձելու է օգտվել գործադիրի հերթական սխալներից՝ վերցնի ճանապարհ ու բարձունք, պարտադրի սահմանազատում։ Եթե ուզում ենք կանխել ընթացքը, դա հնարավոր է միայն ազգային համատարած մոբիլիզացիայի պայմաններում: Կառավարությունը սխալ որոշումներ է ընդունում և առաջնային է պետական բյուջեն տրամադրել պաշտպանությանը։ Մեզ այս պայմաններում առնվազն պետք է մեկ միլիարդանոց պաշտպանական բյուջե, եթե 800 միլիոնը պետությունը հատկացնի, նախադրյալները բավարարված լինեն, 200 միլիոնը մասնավոր հատվածը կկարողանա ապահովել»,- ասաց Չալբյանը:
Հինգ տարվա ընթացքում, ըստ Չալաբյանի, ռազմական ոլորտում՝ բանակաշինությունում, հնարավոր է տեխնիկապես հասնել այն արդյունքի, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան ձևավորեցին 15 տարվա ընթացքում։
«Վերջին պատերազմը աղետալի հետևանք է բերում, բանակը բարոյալքված է, լավագույն սպաները հեռանում են բանակից, մարդիկ 30 հոգով գերի են հանձնվում, դիրքը չեն պաշտպանում։ Զինծառայողները ապահովված պետք է լինեն՝ իրենք վրաններում չպետք է ապրեն, բաց դիրքում չպետք է ապրեն, ու պատահական չի, որ այդ հատվածում է սահմանը ճեղքվում, որովհետև այդտեղ նախնադար է, հակառակորդը դա տեսնում է»,- ասաց Չալաբյանը։