Հայ ռազմագերիներն անվերապահ պետք է հայրենիք վերադառնան. Մակունցը՝ սենատոր Մարքիին
ԱՄՆԴեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։
Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։
Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը»,-հայտնում են դեսպանությունից։