Ախր, Գարիկն ո՞վ է գելերի մեջ, հը՞ն
PoliticalԱրարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ձախողվեց․ նա ձայների մեծ հարաբերակցությամբ պարտվեց «Հզոր համայնք» կուսակցությանը, որի կազմում է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Ի դեպ, վերջինս այն համայնքապետն է, ով իշխանափոխությունից հետո հայտնվել էր իշխանության թիրախում, ավելին՝ այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադրում էր հրաժարական ներկայացնել, բայց փաստորեն այս ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց համայնքապետին: Ինչպես ասում են՝ բումերանգի էֆֆեկտը գործեց։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց՝ որոշ տեղերում հաղթել են, որոշ տեղերում՝ պարտվել։ Ինչ վերաբերում է Գարիկ Սարգսյանի պարտությանը, ապա Անդրեասյանն ասաց․ «Ախր, Գարիկն ո՞վ է մնացած գելերի մեջ, հը՞ն։ Մինչև հիմա էլ փորձում են հեռացնել ինձ, բայց ժողովուրդն իր գնահատականը տվեց, ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինչքան էլ ուզում է ջանք թափեն, մարդիկ գնահատել գիտեն։ Ես համարում եմ՝ ընտրությունների արդյունքները գնահատականն են համայնքապետի տարիների աշխատանքի։ Ինչքան էլ ճնշումներ լինեն, միևնույն է՝ մարդիկ կան, որ անսասան են, քամու հետ գլուխը չեն թեքում այս կամ այն կողմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մաքուր ընտրություններ են եղել, որևէ խոչընդոտ չի եղել։
Հաղթանակի առիթով Ռաֆիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Рафик послал всех нафиг» հումորային հոլովակ։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մեսիջ է դրանով հղում․ «Երգը դուրս գալիս է, իմ անունն էլ մեջը կա։ Ուզում եմ ասել՝ գործ չունեք, թողե՛ք աշխատենք»,- ասաց Անդրեասյանը։
Նշենք, որ Ուրցաձորում ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, «Հզոր համայնք»-ի օգտին՝ 728,« Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:
Սոնա Հարությունյան