Յուրաքանչյուր արտահայտություն պետք է շատ զգույշ լինի. Օհանյանը` Սիմոնյանի խոսքի մասին
ՔաղաքականՅուրաքանչյուր դեպք՝ լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, գերեվարման միջադեպ պետք է քննության առարկա դառնա։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութին, որտեղ նա խոսել էր գերիների մասին։
«Քննության առարկայից բացի, նաև քրեական գործեր են հարուցվում, մանավանդ այստեղ գոյություն ունի հակառակորդի կողմից ագրեսիա, ուժի կիրառում խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ։ Քննության արդյունքում պետք է պարզվի յուրաքանչյուր դեպք, թե յուրաքանչյուր անձնավորություն ինչ գործողություններ է կատարել։ Թող պարզեն պատկան մարմինները»,- ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս պատկան մարմիններին ուսումնասիրել Զինված ուժերի և այլ ուժերի համազորային կանոնադրությունները, նաև զինված հակամարտությունների մասին միջազգային օրենքը, որոնցում սահմանված են նաև գերիների վերաբերյալ հարցերը։
«Այդ ամենը ուսումնասիրելուց հետո նրանք կգան համապատասխան եզրակացության։ Կարծում եմ՝ պետք է զգույշ լինի յուրաքանչյուր արտահայտություն»,- եզրափակեց Օհանյանը։