Պարեկները հայտնաբերել են գողացած համարանիշով մեքենա. վարորդը հատուկ պահպանվող տարածքից փախել է
ՀասարակությունԴեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Համազասպ Լալայանն ու Հայկ Պետրոսյանը ծառայություն կատարելու ընթացքում՝ ժամը 04:00-ի սահմանում, Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, նկատել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ պարեկները, մոտենալով նշված ավտոմեքենային, ստուգման նպատակով այն տեղափոխել են պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն տեղում պարզվել է, որ համարանիշները իրենը չեն ու մինչ հատուկ պահպանվող տարածքում պարեկներն արձանագրություն էին կազմում, վարորդը դիմել է փախուստի:
Պարեկները, ճշտելով մեքենայի համարանիշների սեփականատիրոջ ինքնությունը, հեռախոսակապի միջոցով այդ մասին հայտնել են նրան, ով էլ պատասխանել է, որ համարանիշները իրենն են և այն գողացել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վրայից:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը նաև հայտնում է, որ փախուտի դիմած վարորդը 22-ամյա Գարիկ Մ.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: