«Հայաստան» խմբակցության առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի շահերն է ներկայացնում:
«Ես ուզում եմ իմանալ, թե դուք ո՞վ եք ու ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ որ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ», - իրեն հարց ուղղող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Արթուր Ղազինյանն այսօր ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը:
«Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ, այո, Հայաստանում կան ազդեցության ցանցեր ու հիմա մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք այսպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը, ես սրանում չեմ կասկածում: Դուք Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք, ու ես սա ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե «Հայաստան» խմբակցության առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է:
«Ես խորհուդ եմ տալիս ձեզ դատի տալ ու մենք առիթ կունենանք դա ապացուցելու», - ասաց Փաշինյանը: