Երևանցին պետք է ընտրի իր քաղաքապետին, ոչ թե մի խումբ` միայն նիստից նիստ եկող կոճակ սեղմողները. ավագանու անդամ
PoliticalԱվագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը երեկ հայտնել էր, որ Հայկ Մարությանի իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն, 39-ն արդեն հավաքվել է, թեև «Իմ քայլը» ավագանու մի քանի անդամներ հրաժարվել են միանալ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին: «Իմ քայլը» ավագանու այդ անդամներից են Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Վահե Գևորգյանը, համացանցում շրջանառվում են նաև Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Զաքարյանի և Սաթենիկ Մկրտչյանի անունները։
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց նրանց հետ, սակայն հաջողվեց խոսել միայն Իզաբելլա Աբգարյանի հետ, որն ասաց, որ չի տեսնում քաղաքապետին անվստահություն հայտնելու որևէ հիմնավոր պատճառ. «Չեմ կարծում, որ Հայաստանին պատուհասած ծանր մարտահրավերների պայմաններում իշխող ուժը պիտի նորանոր ներքին պառակտման, խառնակչության որոշումներ կայացնի և ամենակարևորը՝ Հայկ Մարությանին երևանցին սիրում է և գնահատում իր ջանքերը։ Ի տարբերություն ստորագրած անդամների մի մասի՝ ես միշտ ակտիվ շփումների մեջ եմ երևանցիների հետ, գիտեմ նրանց բոլոր դժգոհություններն ու սպասումները, նրանց վերաբերմունքը քաղաքապետի հանդեպ»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք իր այդ որոշումը տարաձայնությունների պատճառ չի դարձել իր և թիմակիցների միջև, նա պատասխանեց. «Երևանցին պետք է ընտրի իր քաղաքապետին, ոչ թե մի խումբ` միայն նիստից նիստ եկող կոճակ սեղմողները: Իմ թիմակիցները նոր չէ, որ պետք է ծանոթանան կարծիքիս, ուստի չեմ կարծում, որ զարմացած են. դա իմ իրավունքն է»,- ընդգծեց Իզաբելլա Աբգարյանը։
Վերջինս այն կարծիքին է, որ իր թիմակիցները հնարավորություն ունեն Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու, սակայն այդ բանից հետո, ըստ մեր զրուցակցի, նրանք չեն կարողանա նայել երևանցու աչքերին. «Հարցը նրանում է` ոնց են հետո նայելու երևանցիների աչքերին և կրկին երբևէ քվե հայցելու, եթե անտեսում են երևանցու կարծիքն իմանալու անհրաժեշտությունը, ոնց է իրենց ընտրած նոր քաղաքապետը կարողանալու պաշտոնավարել` լինելով երևանցիների ձեռամբ չընտրված և, կասկած չկա` երևանցիների կողմից մերժված»,- ասաց «Իմ քայլը» ավագանու անդամը։
Կապ հաստատեցինք նաև «Իմ քայլը» ավագանու անդամ Վահե Գևորգյանի հետ, որը երեկ ևս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ որևէ ստորագրություն չի տվել և անվստահություն հայտնելու որևէ պատճառ չունի, սակայն այսօր նա հրաժարվեց մեզ մեկնաբանություն տալ. «Բացի գրառումից՝ այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությանը պատկանող կայքում հոդված էր հրապարակվել Հայկ Մարությանի դեմ, որումա սվում էր՝ պատերազմից հետո Մարությանը փորձել է իրեն առանձնացնել Փաշինյանի թիմից և հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Զվարթ Պետրոսյան