ՔՊ-ի և Մարությանի միջև եղել է պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր հանդուրժում են, հետո պետք է հեռանա. Թովմասյան
PoliticalԿարծես թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության մեջ, որովհետեւ ըստ ԱԺ կուլիսներում պտտվող տեղեկությունների դա տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի ու Հայկ Մարությանի միջեւ, բայց ըստ երեւույթին ինչ-որ բան խախտվել է եւ ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ նաեւ քաղաքապետի նկատմամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի շուրջ զարգացումներին:
Նա նշեց, որ իր տեղեկություններով ՔՊ-ի եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչեւ դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, եւ դրանից հետո նա պետք է հեռանա:
Նա հիշեցրեց, որ Հայկ Մարությանը սեւ-սպիտակի գաղափարը քաղաքականություն բերողն է՝ հավելելով, որ իր համար անընդունելի է, որ հիմա փորձում են հերոսացնել նրան. «Իշխող ուժն ունի հստակ նպատակ, ով իրեն չի ենթարկվում, այնպես ինչպես իրենք են պատկերացնում, կամ հլու-հնազանդ չէ, պետք է հեռանա: Սա դարձել է իշխող ուժի համար գործողության առանցք: Իհարկե, ընդդիմությունը որեւէ ձեւով կարտահատի իր մերժողական վերաբերմունքը իշխանության այս պահվածքի համար, բայց ես Հայկ Մարությանի նկրով շապիկ չեմ հագնի»,-ասաց Թովմասյանը: