Փաշինյանը կհանդիպի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության շենքում կհանդիպի ավագանու «Իմ քայլը» անդամներին, որի նպատակը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները քննարկելն է: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը։ «Կուսակցական միջոցառում է, ես որևէ նման տեղեկատվություն հաստատելու կամ հերքելու լիազորություն չունեմ։ Ես չունեմ նման տեղեկություն, եթե անգամ լինի էլ, դա կուսակցական հանդիպում է լինելու, զանգեք իրենց»,- նշեց նա։
Փաստորեն, Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը տեղյակ չէ վարչապետը նման հանդիպում ունենալու է, թե՞ ոչ։
Լուրը փորձեցինք ճշտել նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, սակայն մեր հարցն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որին միացել են նաև ավագանու ընդդիմադիր խմբակցությունները․ «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր անդամները, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը։