Մոսկվայում հայազգի պրոդյուսերը դանակահարել է ատամնաբույժին՝ դժգոհ լինելով նրա ծառայություններից
RussiaՄոսկվայի հյուսիս-արևելքում ստոմատոլոգիական կլինիկայում հայազգի Մուրադ Հովհաննիսյանը հարձակվել է ատամնաբույժի վրա և դանակահարել նրան՝ դժգոհ լինելով նրա ծառայություններից, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին։ Ատամնաբույժն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։
«Ըստ տեղեկությունների՝ կլինիկայի աշխատակցի վրա հարձակված տղամարդու անունը Մուրադ Հովհաննիսյան է»,- ասել է աղբյուրը։ Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Հովհաննիսյանը «Сволочи» ֆիլմը թողարկած ընկերության նախկին պրոդյուսերն է։
Իր հերթին «Paradise» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Արթուր Գյուլումյանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ատամնաբուժարանի աշխատակցի վրա հարձակված տղամարդը կինոպրոդյուսեր և պրոդյուսերական կենտրոնի աշխատակից չէ։
«Մուրադ Հովհաննիսյանը երբեք չի աշխատել «Paradise» պրոդյուսերական կենտրոնում, նա աշխատել է «Paradise» ընկերությունների խմբի այլ ընկերություններում։ Նա կապ չունի ֆիլմերի արտադրության հետ՝ որպես պրոդյուսեր»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նա հավելել է, որ Հովհաննիսյանը երկար ժամանակ է, որ չի աշխատում «հոգեկան առողջական վիճակի» պատճառով։