Հսկայական կոկորդիլոսը ձկնորսների աչքի առաջ ամբողջությամբ կուլ է տվել շնաձկանը (տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրալիայի Քվինսլենդ նահանգի Պրոսերփին գետում հսկայական կոկորդիլոսը լողալով մոտեցել է ձկնորսի բռնած շնաձկանը և տղամարդու աչքի առաջ նրան ամբողջությամբ կուլ տվել։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է ABC-ն։
Դեն Ջոնսոնը շաբաթա վերջին գնացել է ձկնորսության: Նա ափից գցել է ուռկանը և բռնել փոքրիկ շնաձկան։ Երբ ձկնորսն սկսել է որսը դուրս հանել ջրից, շնաձուկը խճճվել է ձկնորսական ցանցի մեջ։
«Շնաձուկ բռնեցի և սկսեցի դուրս հանել ջրից։ Հանկարծ հեռվից ուժեղ իրարանցում նկատեցի ափին։ Մարդիկ սկսեցին բղավել` «Զգուշացեք, այն մոտենում է», - ասել է տղամարդը: Մի քանի վայրկյան անց չորս մետրանոց կոկորդիլոսը լողալով հասավ ափ և ամբողջությամբ կուլ տվեց շնաձկանը։
Ջոնսոնը հայտարարել է, որ կյանքում հաճախ է հանդիպել կոկորդիլոսների, քանի որ մեծացել է այդ տարածքում, բայց սովորաբար հեռվից է դիտել նրանց։ «Երբեք այդքան մոտիկից չեմ տեսել, թե ինչպես է կոկորդիլոսը որսին ուտում։ Ես գրեթե զգում էի նրա շունչը, և դա զարմանալի էր», - ասել է նա:
Տղամարդը նկարահանել է միջադեպը։ Նա հույս ունի, որ տեսագրությունը կօգնի մարդկանց հասկանալ, որ գետում կոկորդիլոսներ կան, և պետք է ավելի զգույշ լինել: «Հարգեք վայրի կենդանիներին, մի վնասեք նրանց և ծայրահեղ զգույշ եղեք», - ասել է Ջոնսոնը: Նա մարդկանց հորդորել է լուսանկարել կենդանիներին, բայց չփորձել կերակրել նրանց։