Ինչո՞ւ չեք դիմում երևանցիներին. ավագանու անդամների հարցը՝ Հայկ Մարությանին
ПолитическиеԵրևանի ավագանու նիստը կես ժամ ընդմիջումից հետո ևս չկայացավ։ Չհավաքվեց անհրաժեշտ քանակությամբ ավագանու անդամ ու 2021 թվականի ամփոփիչ նիստը չկայացավ։ Ավագանու «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները այդպես էլ չներկայացան՝ բոյկոտելով նիստը։
«Փաստացի քվորում չունենք, ուստի նիստը հայտարարում եմ չկայացած և փակված»,- հայտարարեց Մարությանը։
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշեց, որ հասկանալով իրավիճակը և մոտավորապես իմանալով թվակազմը՝ ովքեր չեն միացել ստորագրահավաքին, իր համար տարակուսելի է, որ չմիացած մարդիկ նիստին ներկա չեն։
«Որքան էլ սկզբունքները տարբեր են, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են ձեզ, կարծում եմ՝ այստեղ պետք է լինեին»։
Մարությանը շնորհակալություն հայտնեց, նշելով՝ գուցե զբաղցված են՝ աշխատանքի են։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով Մարությանին, հարցրեց՝ ինչո՞ւ չի դիմում երևանցիներին, որոնք իրեն ընտրել են որպես քաղաքապետ։ Մարությանը նշեց, որ հարցը նիստի օրակարգում չէ, նիստի ժամանակ բոլոր հարցերին կանդրադառնա։
«Իմ Քայլը» խմբակցությունը ավելի վաղ զգուշացրել էր՝ բոյկոտելու են նիստը։ Նշում էին, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ չեն մասնակցի դեկտեմբերի 21-ի ավագանու հերթական նիստին։
Օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, ուստի դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։