ԱՄՆ-ը պատրաստ է կոշտ արձագանքել Ռուսաստանի ագրեսիվ քայլերին. Բլինկեն
World«Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ զբաղվում է և՛ դիվանագիտությամբ, և՛ զսպմամբ ու պատրաստ է կոշտ արձագանքել Մոսկվայի այն քայլերին, որոնք ագրեսիվ են»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ նախագահ Ջո Բայդենը կտրականապես կողմ է Մոսկվայի հետ կանխատեսելի հարաբերություններին։
«Մենք միաժամանակ զբաղվում ենք դիվանագիտությամբ և զսպմամբ։ Նրանք զուգահեռ են գնում: Նախագահ Ջո Բայդենը մի քանի ամիս առաջ Ժնևում իր առաջին հանդիպման ժամանակ նախագահ Պուտինին ասաց, որ մենք վճռականորեն կողմ ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի կանխատեսելի և կայուն հարաբերություններին: Բայց եթե Ռուսաստանը շարունակի իր անխոհեմ կամ ագրեսիվ գործողությունները, մենք կպատասխանենք, և կպատասխանենք վճռական կերպով»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգտագործել տարբեր ուղիներ անվտանգության բանակցությունների համար, այդ թվում՝ Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը։
«Մենք պատրաստ ենք դիվանագիտական ներգրավվածության բազմաթիվ ուղիներով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ գոյություն ունեցող երկխոսության, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ հատկապես ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաև ԵԱՀԿ-ի միջոցով»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ չի ծրագրում անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների նոր հանդիպում և ռուս-ամերիկյան գագաթնաժողով։