Հայաստանի և Թուրքիայի միջև դեռեւս օրակարգ չկա, պետք է նստել սեղանի շուրջ և խոսել․ Արմեն Գրիգորյան
Արտաքին ՔաղաքականԵրբ Անկարան հայտարարեց ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու մասով, դրական ազդակներ հղեց, Հայաստանն էլ դրական ազդակներին արձագանքեց, դեռեւս, ընդհանուր առմամբ, օրակարգ չկա, հիմնականը դեռ սեղանի շուրջ նստելու հարցն է՝ նստել սեղանի շուրջ, հասկանալ կողմերի դիրքորոշումները, հասկանալ՝ ինչպես կարգավորել հարաբերությունները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սպասվող բանակցություններին։
«Տեսնում ենք՝ տարածաշրջանում կա նման հնարավորություններ, օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր բացումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի համար մեծ հնարավորութուններ է ստեղծում, տնտեսական փոխկախվածություն կստեղծի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- նշել է Գրիգորյանը։
Հարցին՝ ինչու՞ է թուրքական կողմն անընդհատ ասում, թե ինչ պետք է լինի, եւ Հայաստանը շարժվում այդ ուղղությամբ, Գրիգորյանը նկատեց․ «Թուրքական կողմը չի ասում՝ ինչ պետք ա լինի, այլ հրապարակային հայտարարություններ է անում, եւ գրեթե բոլորին մենք արձագանքում ենք։ Այս պահին գտնում ենք, որ կարեւորը սեղանի շուրջ նստելն ու հարցերը քննարկելն է։ Մենք դեռ չենք նստել սեղանի շուրջ, որ հասկանանք՝ Թուրքիան ինչ նկատի ունի, Հայաստանը՝ ինչ, ամեն մեկս անվտանգության մեր մարմիններում փորձում ենք վերլուծել այդ ամենը, բայց ավելի հեշտ տարբեր կա՝ նստել, խոսել, հասկանալ օրակարգերը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Թուրքիան սպասվող բանակցություններում ներկայացնելու է ԱՄՆ-ում 7 տարի դեսպան աշխատած, մինչ այդ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սերդար Քըլըչը։ ՀՀ հատուկ բանագնացն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է լինելու, որը 2018թ․ իշխանության փոփոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը, ապա 7-րդ գումարման խորհրդարանում ղեկավարել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Ռուբինյանը 2017թ․ մի քանի ամիս Թուրքիայում է գտնվել եւ, ինչպես ինքն է այս տարվա օգոստոսի 3-ին հայտարարել ԱԺ ամբիոնից, հետազոտություն է իրականացրել։