Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք. նպատակ չունեմ մեկնաբանելու՝ ով ինչ է արել․ Քոչարյանը՝ լրագրողին
Видео«Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք, ես նպատակ չունեմ մեկնաբանելու՝ ով ինչ է արել»․ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Ես առնվազն 13 տարի իշխանությանմեջ չեմ եւ մի քիչ դժվար է լիքը բաների մեջ մեղադրել, եթե հեշտ լիներ այս պարտությունը, ամեն ինչն ինձ վրա կբարդեին: Պետական համակարգից այս իշխանությունը բան չի թողել, քարը քարի վրա չի թողել: Հիմնականում պատվեր կատարողները այն մարդիկ չեն, որոնք իմ ժամանակ կայացել են: Հենց այդ տարիներին է պետական համակարգը կայացել: Ես ընդունում եմ, որ կրթական ոլորտում իմ տպավորությամբ մենք լրջագույն բարեփոխումներ ենք արել, երևի այդ ոլորտի բարեփոխումների ամենամեծ ծավալը իմ ժամանակահատվածում է արվել: Ենթադրում էինք, որ դա ինչ-որ արդյունքների պետք է բերեր, ավելի զգալի, բայց տեսնում եմ, որ չկա: Չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը»,-նշեց Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ իր համար այս վիճակն անսպասելի էր.
«Ես չէի մտածում, որ մեր կրթական համակարգը այսպիսի տխուր վիճակում է գտնվում: Ուզում եմ հասկանալ՝ այն ժամանակ էլ էր այդ վիճակո՞ւմ, թե ոչ: Ենթադրում եմ, որ ինչ-որ բան չենք արել կրթության ու մշակույթի ոլորտում:
Կրթությունն ու մշակույթը պետք է քո ինքնության մեջ ձեւավորեին հզոր կապ հողի հետ: Երբ հողից կտրվում ես, միայն բարձրագույն արժեքը քո ընտանիքն է, ապա դու ունենում ես այն վիճակը, որ ունենք այսօր: Սկսում է աշխատել «որտեղ հաց, էնտեղ կաց» բանաձեւը, հողերի ու սարերի կորուստը չես ընդունում որպես սպառնալիք քո ընտանիքին: Պետականությանը շատ փոքր տեղ է զբաղեցնում մեր մեջ»,- ընդգծեց երկրորդ նախագահը: