Իտալական մաֆիայի ղեկավարը, ով թաքնված է եղել 20 տարի, բռնվել է Google Street View-ի միջոցով
ԺամանցՍպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և Իտալիայի ամենափնտրվող գանգստերների ցուցակում ընդգրկված Ջոակինո Գամմինոն ձերբակալվել է Մադրիդի մոտ՝ Գալապագարե քաղաքում։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Նշվում է, որ այս քաղաքում նա տասնամյակներ շարունակ ապրել է Մանուել անունով, աշխատել է որպես խոհարար և ունեցել է միրգ-բանջարեղենի խանութ։
Նրան գտել են միայն այն պատճառով, որ Google Street View-ի տեսախցիկները ֆիքսել են Գալապագարի «El Huerto de Manu» (Մանուի այգի) խանութի մոտ զրուցող երկու տղամարդու նկար:
Ոստիկանությունը կարծում էր, որ տղամարդկանցից մեկը շատ նման է Գամմինոյին, և նրա ինքնությունը հետագայում հաստատվեց, երբ քննիչները պատահաբար գտան նրա լուսանկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջում, որը կոչվում է «La Cocina de Manu» («Մանուի խոհանոց»):
Նկարում Գումմինոն շեֆ-խոհարարի հագուստով է, որը ճանաչվում է նրա կզակի ձախ կողմի սպիով:
Գամմինոն պատկանում էր սիցիլիական Ագրիջենտո քաղաքի մաֆիոզ կլանին, որը 1990-ականներին արյունալի վեճի մեջ էր Սիցիլիայի գլխավոր մաֆիոզ ցանցի՝ «Կոզա Նոստրա»-ի հետ: Առաջին անգամ նա ձերբակալվել է 1984 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ Բարսելոնայում՝ 1998 թվականին։ Գամմինոյին մեղադրել են սպանության և մաֆիայի հետ կապված այլ հանցագործությունների մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման, որը նա կրել է հռոմեական Ռեբիբիա բանտում։
Այնուամենայնիվ, 2002-ին նա կարողացել է փախչել բանտում Rai հեռուստաալիքի համար սերիալ նկարահանելու ժամանակ: Որոշակի պահի բանտարկյալների միջև ծեծկռտուք է սկսվել, իսկ հետո հանցագործներից մեկը բարձրացել է բանտի ցանկապատի վրա և հրաժարվել այնտեղից իջնել։ Պահապանների ողջ ուշադրությունը բևեռվել է միջադեպի վրա, որը սպառնում էր վերաճել բանտարկյալների խռովության, և սկսված իրարանցման մեջ Գամմինոյին հաջողվել է փախչել: Այդ ժամանակվանից իտալական ոստիկանությունը փորձել է գտնել նրա հետքը։