Վստահ եմ, որ կանխատեսումները կլինեն գերազանցված. Քերոբյանը՝ Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին
ՀասարակությունՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ տնտեսական արդյունքի այն կանխատեսումները, որոնք արվել են Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու օրենքի հիմնավորումներով, նույնիսկ կգերազանցվեն: Քերոբյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Հարցին, թե երբ այս տարի աշխատանքային օրերը սկսվեցին հունվարի 3-ից, տնտեսական ի՞նչ արդյունքի է սպասում, Քերոբյանը կես կատակ պատասխանեց. հունվարի 3-ին ժամը 16:00-ին հանդիպում է ունեցել, այն մարդը, որը պետք է գար, ուշացել է 10 րոպե և ասել, որ ուշացել է խցանման պատճառով: «Դա երբեք Հայաստանում հունվարի 3-ին չի եղել: Եվ ես կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավականին լավ, առույգ կսկսենք տարին»:
Նախարարը վստահեցրեց, որ շատ հաճախ է շփվում թե մանրածախ առևտրով զբաղվող, թե այլ, այդ թվում՝ արդյունաբերական ընկերությունների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա: «Պետք է սպասենք թվերին: Բայց, ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,-ասաց Քերոբյանը: