Դահուկորդ Միքայել Միքայելյանի համար այս տարվա ամենակարևոր մրցաշարն Օլիմպիական խաղերը չեն
Սպորտ
Հայկական դահուկավազքի առաջատար Միքայել Միքայելյանի համար այս տարի առաջնայինը ոչ թե Օլիմպիական խաղերն են, այլ Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
«Մեկնարկային երկու մրցատարածություններում գրանցած արդյունքներս ինձ դուր չեկան և մի պահ անհանգստացա մարզավիճակիս համար, սակայն մրցումային վերջին օրը` արագավազքում, ինքս ինձնից գոհ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:
Վերջինս շեշտեց, որ անկախ մրցաշարից, ինքն ամեն անգամ փորձում է անել իր լավագույնը:
«Իմ գերազագույն նպատակն աշխարհի երիտասարդների առաջնությունն է, ոչ թե Օլիմպիական խաղերը: Պեկինի Խաղերում կլինեմ միայն 15 օր և այնտեղ էլ կմեկնեմ աշխարհի առաջնության: Ինձ համար առաջնահերթը Մ23 տարեկանների առաջնությունն է»,-ասաց նա:
Միքայել Միքայելյանն այս տարի ևս Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոնն է: Նա երկրորդ անգամ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: