ՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղել
ԺամանցՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելվել է ծիծաղել, ալկոհոլ օգտագործել և կահույք տեղափոխել, ասվում է մարզում ամուսնական արարողությունների անցկացման կարգի մասին հրապարակված հրամանագրում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ երկուշաբթի օրվանից։
Դրանում, մասնավորապես, ասվում է, որ ամուսնանալ ցանկացողները կարող են խնդրել արարողությունն անցկացնել հանդիսավոր մթնոլորտում՝ ընտրելով ամսաթիվը և ժամը։ Այն անցկացվում է համապատասխան դահլիճում, որտեղ պետք է տեղադրված լինեն Ռուսաստանի դրոշն ու զինանշանը։ Միջոցառումը ենթադրում է դրա իրականացման սցենարի առկայություն։
Հրամանագրում նկարագրված են նաև արարողության մասնակիցների վարքագծի կանոնները։
«ՔԿԱԳ-ի տարածքում հանդիսավոր մթնոլորտում ամուսնության արարողություն անցկացնելիս չի թույլատրվում բարձր խոսակցություններ (այդ թվում՝ հեռախոսով), բացականչություններ, ծիծաղ»,- ասվում է փաստաթղթում։
Սրահում նաև արգելվում է լինել կեղտոտ կոշիկներով, վերնազգեստով և մեծ պայուսակներով։ Ներկաներին արգելվում է քայլել, ուտել, ծխել, ալկոհոլ խմել կամ «վերադասավորել կահույքի կտորները, ծաղկային կոմպոզիցիաները»։
Արարողությունը կտևի մինչև 40 րոպե։