Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչներն այսօր դուրս են եկել գլխավոր ճանապարհ՝ կանգնեցնելու ադրբեջանական մեքենաների շարասյունը, քանի որ ադրբեջանական կողմը չի տեղեկացրել համայնքի ղեկավարությանը, որ մեքենաների շարասյուն է անցնելու։ Այս մասին հայտնեց ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրը՝ նշելով, որ սովորաբար ադրբեջանցի զինվորականները գյուղի գլխավոր ճանապարհով անցնելիս այդ մասին պետք է տեղեկացնեն համայնքային իշխանությունն ու ՊԲ-ին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կարմիր Շուկա գյուղի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ և մոտ 15 րոպե կանգնեցրել ադրբեջանական մեքենաների շարասյունը։ Տարածված լուրերի համաձայն՝ բնակիչների այս քայլի պատճառն այն է, որ ադրբեջանցիները տանում և չեն վերադարձնում Կարմիր շուկայի բնակիչների անասունները, որոնք երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ։ Այդպիսի դեպք եղել է նաև օրեր առաջ և գյուղի բնակիչները ճանապարհ փակելու միջոցով փորձել են հասկացնել, որ վերադարձնեն կենդանիներին։
Ինչ վերաբերում է կեսգիշերին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին, ապա մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում կրակոցների ձայներ հաճախ են լսվում։