«Փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, դուք ասելիք չունե՞ք». Սայաթ Շիրինյանը՝ ԱՄՆ դեսպանին
ՏեսանյութերՍա ուղիղ քաղաքական հետապնդում է, որովհետեւ ինձ ասել են՝ այս կենդանուն մի քննադատի, դու էլ հանգիստ կապրես, մենք էլ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը։
Նշենք, որ դատարանում ընթանում է Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։
Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Շիրինյանի խոսքով՝ իր գործով դատական նիստն ընթանում է Ոստիկանության մեկ ծառայողի ցուցմունքի հիման վրա. «Ընդ որում, որտեղ է տեսել, չի կարողանում մատնացույց անել, ոչ մի արձանագրություն կազմված չէ, քննիչը 20-ից ավելի վկաների է հարցաքննել որեւէ մեկն այդպիսի գրառում չի տեսել, բայց մի ոստիկանի ցուցմունքով գործը հասցրել են դատարան։ Շատ կուզենայի ԱՄՆ դեսպանին տեսնել, երբ 2008 թվականին նույն ԱՄՆ դեսպանը, երբ մամուլի ասուլիսին իմ ձայնը մի փոքր բարձրացրի Ազատություն ռադիոկայանի լրագրողի նկատմամբ, ԱՄՆ դեսպանն անմիջապես բողոքի նոտա ուղարկեց Հանրապետության նախագահին։ Բա իմ ու իմ նմանների իրավունքները ոտնահարվում են, փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, վերջում պարզվում է՝ հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվում է, դուք ասելիք չունե՞ք»։