Որքա՞ն մարդ կմասնակցի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին
ՀասարակությունՍտորագրահավաքին եթե մի քանի հարյուր հազար մարդ մասնակցի՝ կնշանակի, որ այդքան մարդ այս պահին ձգտում է, որ մենք ազատվենք հանցավոր և ապազգային ռեժիմից: Սա ևս մեկ խթան կլինի, որ մենք նոր պայքարի ուժով դուրս գանք փողոց և ամենատարբեր տեսակի պայքարի միջոցներ կիրառենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով շարժման տարածած հայտարարությանը, ըստ որի, փետրվարի 25-ից ստորագրահավաք են անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Նա նշեց, որ մեկնարկը փետրվարի 25-ին տալը պատահական ընտրված օր չէ. այդ օրը զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, որը ֆիդայական շարժումով կարողացել է թշնամու դեմ հաղթական պայքար տանել:
Նաիրի Հոխիկյանը կարծում է, որ ճիշտ աշխատելու դեպքում արդյունքի կհասնեն. «Համազգային ստորագրահավաք պետք է լինի և ամբողջ ազգը պետք է մասնակցի, ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ՝ օֆլայն. ինչքան շատ, այնքան՝ լավ: Կաշխատենք այնպես անել, որ ավելի մեծ թվով հայրենակիցներ մասնակցեն»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է տևելու իրենց նախաձեռնությունը, ասաց, որ հստակ ժամանակահատված չունեն. «Համենայնդեպս, մի քանի շաբաթ կտեևի. ամբողջ Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությունը պետք է մասնակցի այդ ստորագրահավաքին: Նաև նշվելու է, թե տվյալ անձը, որտեղի բնակիչ է, ըստ որի, կհասկանանք՝ յուրաքանչյուր տեղից ինչպիսի ռեսուրս կա»,- նշեց Նաիրի Հոխիկյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ շատ մարդիկ կմիանան ստորագրահավաքին, քանի որ քաջատեղյակ են, թե մարդիկ ինչ են կարծում այս ամենի վերաբերյալ. «Մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում, գնում ենք տարբեր մարզեր և տեսնում՝ մարդիկ ինչպես են ուղղակի ժամերը հաշվում իշխանական աթոռները զբաղեցրած մարդկանց»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ բողոքի ակցիաներ ևս կլինեն, սակայն, այս պահին հստակ օրակարգ չունենալու պատճառով, չցանկացավ խոսել այդ մասին:
Զվարթ Պետրոսյան