Արարատ Միրզոյանը գնահատել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը
Արտաքին Քաղաքական«Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Առայժմ երրորդ հանդիպման տեղի ու ժամկետի մասին որևէ որոշում չկա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և մեզ համար նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։
«Հանդիպումը գնահատում եմ դրական։ Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան կարող էր լինել առաջին հանդիպումը։ Բայց միաժամանակ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել։ Երկրորդ հանդիպում մի գործընթացի, որը պիտի լուծումներ տա հարյուրամյակների կամ տասնամյակների խնդիրներին»,- նշեց նա։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հարցին՝ ասելով, որ դրա վերաբերյալ առայժմ որոշում չկա․ «Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ մեր աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձություններն այժմ բավական երկար են։ Երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»։