Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին
NKԱրցախցի կանայք խաղաղ հավաք էին կազմակերպել Ստեփանակերտում՝ իրենց ձայնը միջազգային կառույցներին լսելի դարձնելու համար, կրկին ուշադրություն հրավիրելու Արցախում Ադրբեջանի միջամտությամբ գազամատակարարման դադարեցման, դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետի վրա:
Ստեփանակերտում հավաքված կանանցից մեկը հայտարարեց. « Բոլոր միջազգային կառույցները, մարդասիրական սկզբունքներից ելնելով, մեր այս իրականության հետ ոչ թե պետք է համակերպվեն, հորդորեն, կոչ անեն, այլ ձեռնարկեն հստակ քայլեր»:
Նրանք շեշտեցին՝ այս պահին հումանիտար աղետ է տիրում Արցախում, և աշխարհը, բոլորը տեղյակ են, թե ով է դրա մեղավորը:
Կանայք ընդգծեցին՝ Ադրբեջանն օգտվելու է առիթից, և հնարավոր է, որ էլ ավելի վատ վիճակում հայտնվեն: Արցախցի կանայք հիշեցրին, որ արցախցին աշխարհում ապրող որևէ այլ քաղաքացու հետ հավասար ունի նույն իրավունքները, սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայտնվել են անելանելի վիճակում: «Եվ ամենացավալին այն է, որ չկա որևիցե կառույց, որը կարող է ստիպել ագրեսորին՝ վերջ տալ իր վայրագություններին»,-ընդգծեց կանանցից մեկը:
Նրանք շեշտեցին՝ արցախցին տեր է իր հողին, իր իրավունքներին: «Պահանջում ենք, որպեսզի միջազգային բոլոր կառույցներն անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգության հարցով, քանի որ սա ոչ միայն կենցաղային խնդիր է, այլ հենց անվտանգության հարց է: Որևիցե արցախցի չի ցանկանում թողնել իր հողը, տունը և լքել Արցախը: Թող Ադրբեջանը դա հասկանա՝ արցախցին ապրել է և ապրելու է Արցախում»-նշեց հավաքի մասնակից կանանցից մեկը՝ ընդգծելով, որ պայքարելու են մինչև վերջ, հակառակորդը չի կարող Արցախը հայաթափել:
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ՌԴ խաղաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։