ԵԿՄ–ն ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու, թողնենք մեր քաղաքական խաղերն ու համախմբվենք պետության շուրջը․ Միքայելյան. Aravot.am
ՀասարակությունԵրկրապահ կամավորականների միությունն այս օրերին հանրապետության բոլոր տարածքային կառույցներում հանդիպում-ժողովներ է կազմակերպում։ Նպատակը տարին ամփոփելն ու փոփոխությունները ներկայացնելն է, տեղեկացնում է Aravot.am–ը։
«Երկրապահը ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու։ Երկրապահը կանգնելու է պետության ու հատկապես բանակի կողքին»,- ասել է Սասուն Միքայելյանը։
Փոփոխություններ են կատարվել վարչության կազմի մեջ, մաքրվում են ցուցակները, փոխվում են անդամատոմսերը։ «Ոչ թե նպատակը Մանվել Գրիգորյանի ստեղծած անդամատոմսերի ձեւը փոխելն է ու իմ կողմից ստեղծածը դնելը, այլ միության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ու չեն ունեցել Երկրապահի հետ։ Զտում ենք մեր կառույցը»,- նշեց ԵԿՄ նախագահը։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով, միությունը պետք է երիտասարդացվի ու բավականին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Զինակիցներին Սասուն Միքայելյանը հորդորեց մի կողմ թողնել քաղաքականությունը, մեջներից հանել ամեն ինչ ու համախմբվել։ «Մի քիչ խելոք լինենք ու համախմբվենք։ Թողնենք մեր քաղաքական խաղերը, ամբիցիաներն ու համախմբվենք պետության շուրջը»,-ասաց Սասուն Միքայելյանը։
Վերջինս նշեց, որ պայմանավորվածություն ունի պաշտպանության նախարարության հետ, որպեսզի երկրապահները եռամսյա հավաքների չկանչվեն։ «Մենք ունենք հնարավորությունները կրակային ու շարային պատրաստականություն անցնելու, անում ենք ու այդպես ավելի կպատրաստվենք»,-համոզված է ԵԿՄ նախագահը։