Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ժամանակի հարց է լինելու. Դավիթ Բաբայան
PoliticalՄենք գտնվում ենք մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում։ Մենք անցել ենք շատ բարդություններով, կորուստներով, բայց հիմա մեր ժողովրդի և պետականության հարցն է մեր առջև կանգնած։ Պետք է քաջ գիտակցենք, որ որոշվում և վճռվում է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս պատասխանատվության զգացումը պետք է միշտ ունենանք։ Այս մասին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Խոսելով ընդհանրապես Արցախի կարգավիճակի, տարբեր նշաձողերի մասին՝ պետք է նշել, որ մենք այլևս նշաձող չունենք, ունենք կարմիր գծեր և այդ կարմիր գծերի խախտումը կբերի պարզապես ողբերգության, ուրիշ՝ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը միայն մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն, հայրենիքը կորցնելու ենք։ Նման ապագա, իսկապես, ունենք»,- նշեց Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետության գոյությունը վճարված է լինելու, չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու, շատ շուտ այդ հարցը կարգավորվելու է՝ ի վնաս հայ ժողովրդի։
Բաբայանի դիտարկմամբ՝ խաղաղության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դասական ձևով չկա իդեալական խաղաղություն, խաղաղությունը հավասարակշռվածություն է , որը պետք է պահպանել, դա հնարավոր է անել, որովհետև գոյություն չունի իդեալական խաղաղություն, չի լինում այդպիսի բան, բայց կարելի է հավասարակշռվածություն պահել։
Բաբայանը նաև ընդգծեց, որ գոյություն չունի միջազգային հանրության հավաքական տեսակետ, որովհետև միջազգային հանրությունը բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է, ավելին՝ այսպիսի ճեղքվածք, որը տեսնում ենք հիմա՝ միջազգային հանրությունը վերջին անգամ երևի ունեցել է 1939-1945թթ։ Նրա խոսքով՝ տեսնում ենք, թե ինչպիսի պայքար է գնում աշխարհաքաղաքական, հետևաբար, չկա միասնական միջազգային հանրության կարծիք, գոյություն չունի նման բան, նույնիսկ ամենախաղաղ պայմաններում։