Ուշացածը նրանք են, ովքեր 2018-ին հանդուրժել են այս իշխանությունների մուտքը քաղաքական թատերաբեմ. Աբրահամյան
ПолитическиеՈւշացածը բոլոր այն մարդիկ են, ովքեր 2018 թվականին հանդուրժել են այս իշխանությունների մուտքը քաղաքական թատերաբեմ, հանդուրժել են այն ամենը, ինչը մենք տեսել ենք պատերազմի օրերին և դրանից հետո: Բոլոր նրանց, որ այս հրապարակում են, կամ այս հրապարակից դուրս պայքարում են այս իշխանությունների կամայականությունների դեմ՝ ասել, թե նրանց քայլերը ուշացած են, ճիշտ չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով նախկին արտգործնախարարի Վարդան Օսկանյանի այսօրվա հրապարակած հոդվածին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հիմնավոր ձևով ներկայացված էր ամենը, բայց խնդիրը այլ բանում է. «Այս իշխանությունն այնպես չէ, թե ջանքեր է գործադրել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն առաջ մղելու և իր մոտեցումները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար: Այս իշխանության գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մեջ է, խնդիրը դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամանալու միջոցով հարաբերություն հաստատելուն»,- ընդգծեց պատգամավորը: