Ադրբեջանական ազանը, որ միացնում էին, երևի ավելի քիչ վնաս է տալիս, քան հայերենով ասվածը, որ Արցախը հանձնել են․ Մարուքյան
ПолитическиеԱդրբեջանցիների կողմից իսլամական աղոթքը՝ ազանը, որ նրանք պարբերաբար միացնում էին Արցախի սահմանամերձ բնակավայրերում, թերևս ավելի քիչ վնաս է տալիս արցախցիներին, քան այն, ինչ արցախցիներին ասվում է հայերենով հայաստանյան մամուլով և քաղաքական ուժերի կողմից, այս մասին Հայրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ընդդիմության պայքարի և ընդդիմադիր մամուլի գործունեության մասին։
«Տուրիստական սեզոն է սկսվում, Ռուսաստանի տուրիստները գնալու տեղեր չունեն շատ, կարող են գալ Հայաստան, երկրում ցանցային ի՞նչ ենք սկսում, ցանցային ի՞նչ ենք անում, որ տուրիստ չգա՞, մարդ չգա՞ մեր երկիր, փող չգա՞, շարժ չլինի՞, ոչ մի բան չաշխատի՞, բյուջե փող չգնա՞, ի՞նչ են ուզում, վերջը ուզում են ի՞նչ լինի»,– ասաց նա։
«Արցախի ժողովրդին ասում են՝ գնացեք էդտեղից, փախեք, արագացրեք, հանձնել են ձեզ, փրկվեք, որ ի՞նչ, որ դատարկվի՞ Արցախը։ Էն իսլամական բանը, որ միացնում են էնտեղ, ի՞նչ էր կոչվում աղոթքը ․․․ ազանը, էդ ազանը, երևի, ավելի քիչ վնաս է տալիս, որովհետև ինչ–որ անհասկանալի բան է մեր ժողովրդի համար, որովհետև մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մեր կրոնի մեջ ենք։ Դա ավելի քիչ վտանգ է, երևի, ներկայացնում իրենից, որ մարդիկ վախենան, քան այն, ինչ իրենց ասվում է հայերեն լեզվով, որ փախեք, ժողովուրդ, էստեղից, ձեզ հանձնել են, փախեք»,– ասել է նա։
Մարուքյանը նշել է, որ եթե ադրբեջանցիներն են արցախցիներին ասում՝ փախեք, ձեզ հանձնել են, արցախցիները գիտեն, որ իրենց թշնամին է ասողը և չեն լքելու իրենց բնակավայրերը։ «Բայց որ հայերեն են դա իրեն ասում, դա ճի՞շտ է, երբ որ հայերն են դա իրեն ասում, դա ինչի՞ մասին է, ի՞նչ են ուզում էլի»,– ասել է նա։