Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
ՔաղաքականԱյսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպեցին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու դատախազ Արմեն Մուրադյանը։
Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։ Լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե դատախազությունը կաշկանդված չէ՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում:
«Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»,- ասաց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է, հարցաքննության, դատախազը նշեց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ այդ հարցին չի կարող պատասխանել։
Անդրադառնալով այն հարցին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն արդյոք կկատարի ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումները, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես չեմ կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ»։
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: