ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խիստ կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ է հայտնել ՄԻՊ գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում:
Գրիգորյանը նախ նշել է, որ ԱԺ-ի, իրավասու հանձնաժողովների հետ աշխատանքի ավելի ինտենսիվացման, կոնկրետ գործնական քայլեր են արդեն իրականացվում:
«Որպես ԱԺ կողմից ընտրված ՄԻՊ՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի և պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի այդ հանրային մեծ դահլիճը:
Այդ առումով կարծում եմ, որ պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերը շատ ավելի օգտակար են, և մենք դրա արդյունքում ավելի քիչ խախտումներ ենք ունենում մեր երկրում և ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում»,-ասել է ՄԻՊ-ը: